Skip to main content

European University of Armenia

Ռեկտոր

Shape

Հեղինե Բիշարյան

Հայաստանի եվրոպական համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու

Հեղինե Բիշարյան

Հեղինե Բիշարյանը 2017 թվականից զբաղեցնում է Հայաստանի եվրոպական համալսարանի (ՀԵՀ) ռեկտորի պաշտոնը։ Ղեկավարման գործունեությանը զուգահեռ՝ 2018 թվականից հանդիսանում է համալսարանի Կիրառական լեզվաբանության ամբիոնի ակադեմիական կազմի անդամ։

Հեղինե Բիշարյանն ունի բարձրագույն կրթության, պետական կառավարման, դասավանդման և կրթական քաղաքականության ոլորտներում մասնագիտական հարուստ փորձ։ 2003–2017 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր և Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2010–2012 թվականներին նաև եղել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Կրթության ոլորտում իր մասնագիտական գործունեությունը սկսել է որպես պատմության և իրավունքի ուսուցիչ։ 1994–2008 թվականներին դասավանդել է Երևանի թիվ 191 դպրոցում, իսկ 2005–2006 թվականներին՝ Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջում։ Մասնագիտական գործունեության ավելի վաղ շրջանում՝ 1978–1988 թվականներին, աշխատել է Երևանի էլեկտրասարքավորումների գործարանում։

Կրթություն

Հեղինե Բիշարյանը մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան է ստացել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, որտեղ ուսումնառել է 2005–2010 թվականներին։

1986–1991 թվականներին սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում՝ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։

Գիտական և ակադեմիական գործունեություն

Հեղինե Բիշարյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է կրթության, կրթության որակի ապահովման, կրթական բարեփոխումների, կրթության իրավական և փիլիսոփայական հիմնահարցերի, ինչպես նաև պետություն–եկեղեցի հարաբերությունների ոլորտները։

Նա հեղինակել և համահեղինակել է բարձրագույն կրթության արդի խնդիրներին և կրթական համակարգերի զարգացմանը նվիրված ուսումնամեթոդական ձեռնարկներ և գիտական հրապարակումներ։

Նրա ընտրված հրապարակումներից են՝

  • «ՀԵՀ որակի ապահովման ձեռնարկ» (2021), ուսումնամեթոդական ձեռնարկ, համահեղինակ։
  • «Վերջնարդյունքահեն ուսուցում» (2019), ուսումնամեթոդական ձեռնարկ։
  • «Բուհական կրթության որակի վարկանիշավորման մասին» (2017), համահեղինակ։
  • «Գիտությունը՝ որպես ՀՀ կրթական բարեփոխումների հիմնական ուղղություն» (2018)։
  • «Կրթության աշխարհիկության հիմնախնդիրները միջազգային փորձի և իրավական կարգավորումների համատեքստում» (2019), համահեղինակ։
  • «Աստվածային իրավունքը և աշխարհիկ պետության հայեցակարգը Մխիթար Գոշի Դատաստանագրքում» (2020)։
  • «Կամքի ազատության ուսմունքը և պետություն–եկեղեցի հարաբերությունների բնույթը հայ օրենսդրական մտքում» (2021), համահեղինակ։

Նրա գիտական աշխատանքները հրապարակվել են նաև համալսարանի կողմից հրատարակվող գիտական հոդվածների ժողովածուներում։

Պարգևներ և ճանաչում

Մասնագիտական և հասարակական գործունեության համար 2011 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Հեղինե Բիշարյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։

2010 թվականին ընտրվել է Բնության և հասարակության միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամ։

2005 թվականին՝ Մանկավարժի օրվա կապակցությամբ, պարգևատրվել է Ա. Բակունցի մեդալով։

Կոնտակտային տվյալներ

Էլ. փոստ՝ rector@eua.com
Հեռախոս՝ (+374) 10 240038
LinkedIn՝ Heghine Bisharyan
Facebook՝ Heghine Bisharyan

© European University of Armenia